ՀՀ ԱԻՆ–ը նշել է «Նաիրիտում» հրդեհի բռնկման հնարավոր պատճառը

28.08.2017, 16:56
Հայտնի է «Նաիրիտ» քիմիական հսկայի տարածքում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը։    
ՀՀ ԱԻՆ–ը նշել է «Նաիրիտում» հրդեհի բռնկման հնարավոր պատճառը

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նշել է «Նաիրիտ» քիմիական հսկայի տարածքում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը։    

«Նախնական տվյալներով, «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվում է լաքէթինոլ նյութը։ Հրդեհի պատճառներից մեկը կարող է լինել լաքէթինոլով ցիստեռնների ինքնաբռնկումը, քանի որ այդ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկվելու հատկություն ունի»,–ասացՀՀ ԱԻՆ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խմբի ղեկավար, գնդապետ Վալերի Բագիյանը։  

Նրա խոսքով, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանը և ցիստերռների տաքացման աստիճանը` այս վարկածը բացառված չէ։

Բագիյանը նաև նշեց, որ նախնական տվյալներով` այրվում է 50 տոննա նյութ, այրվում են գործարանի տարածքում գտնվող 4 ցիստեռններից 3-ը։ 

«Քանի որ այս նյութը դժվար է մարել ջրով, ներկա պահին իրականացվում են ցիստեռնների սառեցման աշխատանքներ, ինչից հետո հրդեհը կմարվի փրփուրով»,–ասաց փորձագետը։     

Օգոստոսի 28-ին ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ծուխն ու կրակը տեսանելի են մի քանի կիլոմետրից։ Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է։–0–