Ծանրամարտիկներ Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

19.04.2025, 10:14
Աննա Ամրոյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր
Ծանրամարտիկներ Աննա Ամրոյանն ու Միլենա Խաչատրյանը երեք մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում երկամարտի 231 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ առաջին մեդալը նվաճելով մեծահասակների պայքարում։ 

Պոկում վարժությունում Ամրոյանը ցույց է տվել 100 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում 131 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ 

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Պոկում վարժության արդյունքներով Խաչատրյանը գլխավերևում պահել է 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում 131 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: 

Ապրիլի 19-ին, Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ։ Ժամը 17։00-ից մրցահարթակ դուրս կգան կանանց հավաքականի անդամներ Էմմա Պողոսյանը և 

Մարգարիտա Առաքելյանը, իսկ 20։00-ից՝ տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը։