ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Միանգամից երեք հայկական ակումբներ` «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը», դուրս են եկել ֆուտբոլային եվրագավաթների հաջորդ փուլ։
Չնայած հինգշաբթի Եվրոպայի լիգայի ընտրական առաջին փուլում Գյումրու «Շիրակ» ակումբը արտագնա խաղում 1։2 հաշվով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի «Զրինսկի» թիմին, իսկ Մարտունու «Ալաշկերտ» ակումբը արտագնա խաղում 2։1 հաշվով զիջեց «Սենտ Ջոնսթոն» շոտլանդական ակումբին, այդուհանդերձ, հայկական երկու ակումբները դուրս եկան հաջորդ փուլ։ «Շիրակ» ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ երկու խաղերի արդյունքում վաստակած միավորների շնորհիվ (3:2), իսկ «Ալաշկերտը»` արտագնա խաղում խփած գնդակի շնորհիվ (երկու հանդիպումների արդյունքում գրանցված հաշիվը` 2:2)։
Հուլիսի 7–ին Հայաստանի չեմպիոն «Փյունիկ» երևանյան ակումբը արտագնա խաղում 2։1 հաշվով պարտության մատնեց Սան Մարինոյի «Ֆալգորե» ակումբին (երկու հանդիպումների արդյունքում գրանցված հաշիվը` 4։2) և անցավ Չեմպիոնների լիգայի ընտրական փուլ։
Իսկ «Ուլիս» հայկական ակումբը դուրս մնաց Եվրոպայի լիգայում ընթացող պայքարից` սեփական հարկի տակ 1։3 հաշվով զիջելով Մալթայի «Բիրկիկարե» ակումբին։ –0–