Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում

03.02.2012, 10:29
Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում
Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումներին, եթե դրանք անցկացվեն Ադրբեջանում, հաղորդում է  www.armchess.am-ը:

Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:

«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարիե,- ասվում է Արոնյանի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին,
և ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին ուղղված նամակում:

Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է:

Նրա խոսքերով՝ խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: 

«Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակինե,- գրել է հայ շախմատիստը:

Նա ավելացրել է, որ հաճույքով կմասնակցի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բացի Ադրբեջանից:

«Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիսե,- ասվում է նամակում:

Արոնյանը 2011 թվականին նույնպես հրաժարվեց խաղալ Ադրբեջանում, և խաղերն անցկացվեցին Կազանում:--0--