Ռուսաստանի ֆուտբոլային միությունը որոշում է ընդունել մարտի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղին ներկա չգտնված ռուսներին փոխհատուցում տրամադրելու մասին, ասվում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:
«Բոլոր նրանք, ովքեր չկարողացան դիտել երևանյան խաղը, հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղի անվճար տոմսեր կստանան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փոխհատուցման կարգի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Երկրպագուների համառուսական միավորումից (հղում՝ http://vob.su/site/contacts):
Փոխանակման համար անհրաժեշտ է ներկայացնել Հայաստան-Ռուսաստան խաղի չօգտագործած տոմսը:
Որոշ ռուս երկրպագուներ, ովքեր Երևան էին ժամանել երկու հավաքականների ընտրական խաղը դիտելու համար, տարբեր պատճառներով չկարողացան ներկա լինել մարզադաշտում: -0-