Հայտնի հայ ծանրամարտիկներ Յուրի Վարդանյանն ու Նազիկ Ավդալյանը դուրս են գրվել հիվանդանոցից
Հայ լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն ու ծանր ատլետիկայի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը դուրս են գրվել հիվանդանոցից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Վարդանյանը դուրս է գրվել նախօրեին, իսկ Ավդալյանն՝ այսօր: Նրանք երկուսն էլ իրենց լավ են զգում», - ասաց Հունանյանը:
Մամուլի քարտուղարը նշեց, որ Ավդալյանի՝ մեծ սպորտ վերադառնալու հարցը դեռ պարզ չէ: Ավելի վաղ բժիշկները հայտարարում էին, որ արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզիկը կարողանա կրկին զբաղվել ծանր ատլետիկայով:
Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին Հայաստանի հյուսիսում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ողնուղեղի վնասվածք էր ստացել: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին հաջող վիրահատության է ենթարկվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում նախորդ հինգշաբթի: Սա Ավդալյանի արդեն երկրորդ ավտովթարն էր, հունվարին ՃՏՊ-ի հետևանքով վնասվել էր մարզուհու մեքենան, սակայն նա որևէ վնասվածք չէր ստացել:
Հոկտեմբերի 8-ին Վարդանյանը վթարի էր ենթարկվել Երևան-Գյումրի մայրուղում և վիրահատվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նա վնասվածքներ էր ստացել, աջ ազդրոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք է ունեցել։ Վարդանյանն ապրիլին մեկնել էր Մոսկվա, որտեղ նրա ազդրում տեղադրված մետաղյա ձողը կոտրվել էր։ Երևանում նոր վիրահատության կարիք է զգացվել, սակայն վիրաբույժները ստիպված են եղել դադարեցնել այն՝ առաջացած բարդությունների պատճառով։ Տվյալ պահին բժիշկները Վարդանյանի վիճակը գնահատում են որպես կայուն ծանր։ Ծանրամարտիկը երկար ժամանակ կոմայի մեջ էր գտնվում:--0-