Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշի 4-րդ տեղն է զբաղեցնում

02.09.2010, 16:48
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշի 4-րդ տեղն է զբաղեցնում
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշի 4-րդ տեղն է զբաղեցնում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հավաքելով 2783 միավոր, ՖԻԴԵ-ի սեպտեմբերյան վարկանիշում աշխարհի հարյուր ուժեղագույն շախմատիստների ցուցակի 5-րդ տեղից 4-րդ տեղն է բարձրացել:

Ինչպես տեղեկացվում է ՖԻԴԵ-ի կայքում, առաջնորդի դիրքը պահպանել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ով իր ակտիվում 2826 վարկանիշային միավոր ուներ, երկրորդ տեղում է բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2803 միավորով: Եռյակը եզրափակում է հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2800 միավորով:

Բացի Արոնյանից, հարյուրյակում են նաև հայ շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը (2691 միավորով՝ 49-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (2677 միավորով՝ 62-րդ տեղ):

Աշխարհի լավագույն շախմատիստուհիների ցուցակը գլխավորում է հունգարացի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը (2682 միավոր), նրան հաջորդում է հնդկուհի Խումպու Կոներուն (2593) և չինուհի Իֆան Խոուն (2578):

Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց վարկանիշում 21-րդ տեղն է զբաղեցրել (2484 միավոր), 31-րդ տեղում է Էլինա Դանիելյանը (2466), իսկ Լիլիթ Գալոյանը գտնվում է 90-րդ տեղում (2373):

ՖԻԴԵ-ն նաև ներկայացրել է երկրների դասակարգված ցուցակը՝ հաշվի առնելով ամեն երկրի 10 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: 154 երկրների շրջանում Հայաստանը 9-րդ տեղն է զբաղեցրել՝ ունենալով 2633 միավոր միջին ցուցանիշը: Լավագույն եռյակը հետևյալ տեսքն ունի՝ Ռուսաստան (2729), Ուկրաինա (2695) և Ֆրանսիա (2653): -0-