Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։
Ինչպես տեղեկացվում է առաջնության պաշտոնական կայքում, երեքշաբթի տեղի ունեցած վերջին իներորդ փուլում հաղթանակ տանելով Իսրաելի շախմատիստների նկատմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը՝ 9 փուլերի արդյունքներով հավաքելով 17,5 միավոր, իսկ բրոնզե մեդալներին է արժանացել Ադրբեջանի հավաքականը (13 միավոր)։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում խաղում էին Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Ասրյանը (բոլորը Հայաստանի ազգային հավաքականի կազմից էին, որը հաղթանակ էր տարել 2006 թ.-ին Թուրինում տեղի ունեցած Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի ժամանակ)։
Կանանց առաջնությունում Հայաստան-Վրաստան և Լեհաստան-Ռումինիա հանդիպումները ավարտվել են ոչ ոքի, որի արդյունքում Հայաստանի և Լեհաստանի հավաքականները հավաքեցին հավասար միավորներ՝ 14-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով «արծաթը» բաժին հասավ Լեհաստանի շախմատիստներին, իսկ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը։ Մայրցամաքի ուժեղագույն թիմի կոչմանը արժանացավ Ռուսաստանի կանանց հավաքականը, որը ինը փուլերի ընթացքում հավաքել էր 16 միավոր։
Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիանա Աղաբեկյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը։
Շախմատի Եվրոպայի խմբային առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեյցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։
Մայրացամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական։-0-