Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից երկու փուլ առաջ հայկական երկու թիմերը մտնում են առաջատարների հնգյակ

05.11.2007, 11:36
Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից երկու փուլ առաջ հայկական երկու թիմերը մտնում են առաջատարների հնգյակ
Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից երկու փուլ առաջ հայկական երկու թիմերը մտնում են առաջատարների հնգյակ

Հունաստանում անցկացվող Շախմատի Եվրոպայի խմբային առաջնության ավարտից երկու փուլ առաջ Հայաստանի տղամարդկանց թիմը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ կանանց թիմը կիսում է 3-4 տեղերը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, նախօրեին՝ յոթերրորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի թիմի նկատմամբ։

Իր թիմի համար միակ հաղթական միավորն է վաստակել Գաբրիել Սարգսյանը՝ Մարկո Տրատարայի հետ խաղում, իսկ Լևոն Արոնյան-Ալեքսանդր Բելյավսկի, Վլադիմիր Հակոբյան-Դուսկո Պավասովիչ, Կարեն Ասրյան-Լուկա Լենիչ հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի։

 Հայաստանի և Բուլղարիայի կանանց թիմերի միջև հանդիպումը ավարտվել է հայ շախմատիստների հաղթանակով՝ 3։1։

Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Անտոանետտա Ստեֆանովայի նկատմամբ, իսկ Նելլի Աղինյանը՝ Մարիյա Վելչևայի նկատմամբ։ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրեասյանը ոչ ոքի են խաղացել համապատասխանաբար Մարգարիտա Վոյսկայի և Ելիցե Ռաևայի հետ։

Յոթ փուլից հետո խմբայի հաշվով տղամարդկանց առաջնությունում 14 միավորով առաջատարի դիրքը պահպանում է Ռուսաստանը, երեք միավորով նրան է հետևում Հայաստանի թիմը, իսկ Սլովենիան, Իսրայելն ու Ադրբեջանը ունեն 10-ական միավոր։

Կանանց առաջնությունում 12-ական միավորով աղյուսակը գլխավորում են Ռուսաստանն ու Լեհաստանը, երկու միավոր տարբերությամբ նրանց են հետևում Հայաստանի և Նիդեռլանդների հավաքականները։ Վրաստանի, Ուկրաինայի և Հունգարիայի թիմերը ունեն 9-ական միավոր։

Ութերորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանիդպի Ադրբեջանի հետ, իսկ կանանց հավաքականի մրցակիցը կլինի Լեհաստանը։

Շախմատի Եվրոպայի խմբային առաջնությունը անցկացվում է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեյցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյանի ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։

Մայրացամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական, յուրաքանչյուր թիմ բաղկացած է չորս հիմնական և մեկ պահեստային մասնակցից։-0-