Հայաստանում առաջին անգամ կանցկացվի շախմատի «Երևանի գավաթ»-ի խաղարկություն՝ 1․8 մլն մրցանակային հիմնադրամով

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է «Երևանի գավաթ»-ի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-ից 21-ը ներառյալ: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ մասնակցել կարող են սկսնակից մինչև գրոսմայստեր: Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտը հաստատվելու համար ֆեդերացիան խնդրում է նամակում տրամադրել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ: Հաղթողը կպարգևատրվի գավաթով։ Խաղարկության մյուս մանրամասներին կաելի է ծանոթանալ կայքում:
Մրցաշարում իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Մարտիրոսյան Հայկը, Սարգսյան Շանթը, Անդրիասյան Զավենը, Հայրապետյան Հովիկը, Պետրոսյան Մանուէլը, Հովհաննիսյան Ռոբերտը, Վահանյան Ռաֆայելը, Պետրոսյան Տիգրան Լ․-ն, Դանիելյան Էլինան և կանանց գրոսմայստեր՝ Սարգսյան Աննան։-0-