Հայ գեղասահորդները ԱԱ լավագույնների կոչման համար կպայքարեն Բոստոնում

02.03.2016, 13:19
Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան – Սիմոն Պրու-Սենեկալ զույգը:
Հայ գեղասահորդները ԱԱ լավագույնների կոչման համար կպայքարեն Բոստոնում
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան – Սիմոն Պրու-Սենեկալ զույգը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Գեղասահքի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 28-ից ապրիլի 3-ը Բոստոնում:

Հայ գեղասահորդներն աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել>>

«Մեծ պատիվ է ներկայացնել աշխարհին Հայաստանը: Այս անգամ արդեն մրցելու ենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած թիմերի հետ: Լիահույս ենք, որ անկախ զույգերի քանակից, մեզ կհաջողվի լավ սահել և հույս ունենք հայտնվել լավագույն 20 զույգերի մեջ»,- ասել է կանադայաբնակ Թինա Կարապետյանը:

Ըստ նրա, մասնակցությունն աշխարհի առաջնությանն արդեն անհավանական է, և նրանք դրան սպասում են անհամբերությամբ:

«Հիմա որակավորվել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է սահենք հնարավորինս լավ, փորձելով առավելագույնս լավ ներկայանալ: Ուշադրություն պետք է դարձնենք մեր արտահայտությունների, գլխի շարժումներին և ձեռքերի աշխատանքի վրա: Սրանք մանրուքներ են, որ մեծ կարևորություն ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը շատ աշխատանք ունենք անելու»,- պատմել է Կարապետյանը:

Նա հայտնել է նաև, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը մեծ փորձ էր իրենց համար: Հաջողվեց նույն սենյակում լինել և սահել Եվրոպայի լավագույն գեղասահորդների հետ:

«Այն իսկապես մեծ մոտիվացիա էր: Չէի էլ կարող մտածել, որ նման բան կպատահի մեզ հետ: Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ մեր երազանքը իրականություն է դառնում: Մասնակցելով Եվրոպայի այս առաջնությանը՝ մեզ հաջողվեց լավ սահեր, հաղթահարել որակավորման փուլը և այդ ամենը այն դեպքում, երբ առաջին մրցաշրջանն է, ինչ աշխատում ենք միասին: Մեզ հաջողվեց նաև 2 հորիզոնականով բարելավել մեր դիրքերը: Մենք հպարտանում ենք այս նվաճմամբ»,- նշել է Թինան: -0-