ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Լեյբորիստական կուսակցության առաջնորդի տեղակալ Թոմ Ուոթսոնը քննադատել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին «ֆուտբոլային սկանդալի» կապակցությամբ, որի պատճառով «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող գնալ Բաքու և մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին։
Եվրոպա լիգայի եզրափակչի` «Արսենալ»–«Չելսի» հանդիպումը նախատեսված է մայիսի 29–ին Բաքվում։
Ելույթ ունենալով Բրիտանիայի խորհրդարանում` Ուոթսոնը հիշեցրել է, որ ՈւԵՖԱ–ի կանոնադրության համաձայն` մրցումների բոլոր մասնակիցները պետք է ունենան հավասար իրավունքներ։
«Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալի»` հայկական ազգանուններով երկրպագուները բաց կթողնեն Եվրոպա լիգայի եզրափակիչը, քանի որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ։ Դա փայլուն խաղի կեղտոտ կողմն է։ Եթե ես լինեի արտգործնախարար, ապա ՈւԵՖԱ–ին կհայտնեին, որ այս ամենը բացարձակ անթույլատրելի է», – հայտարարել է Ուոթսոնը։
Ինչպես հաղորդում է sportbox.ru–ն, Մեծ Բրիտանիայի երիտասարդության, մշակույթի և սպորտի նախարար Ջերեմի Ռայթն ընդունել է ընդդիմության փաստարկները` նշելով, որ Լոնդոնը նախատեսում է բարձրացնել այդ հարցն ՈւԵՖԱ–ի առաջ։
Մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։–0–