Արման Ծառուկյանը պահպանել է առաջատարի դիրքը UFC-ի վարկանիշում

23.01.2025, 14:56
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը պահպանել է իր առաջատարի դիրքը UFC-ի հունվարյան վարկանիշում
Արման Ծառուկյանը պահպանել է առաջատարի դիրքը UFC-ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը պահպանել է իր առաջատարի դիրքը UFC-ի հունվարյան վարկանիշում (թեթև քաշային կարգ՝ մինչև 70 կգ), որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Երկրորդ տեղը զբաղեցնում է բրազիլացի Չարլզ Օլիվեյրան, իսկ երրորդն ամերիկացի Ջասթին Գեյջին է։

UFC-ի թեթև քաշային կարգում գոտու ներկայիս սեփականատերը ռուս Իսլամ Մախաչևն է՝ UFC-ի առաջին համարը՝ անկախ քաշային կարգերից (P4P)։

Չկայացած մենամարտի մասին

Հունվարի 19-ի գիշերը Լոս Անջելեսում պետք է կայանար Ծառուկյան-Մախաչև մենամարտը, սակայն մեջքի վնասվածքի պատճառով հայ մարտիկը ստիպված է եղել դուրս գալ պայքարից։

Նրան փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն, ում առաջին իսկ ռաունդում Մախաչևը հաղթել է խեղդող հնարքով՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին։

UFC-ի նախագահ Դանա Ուայթն ավելի ուշ հայտարարել է, որ Ծառուկյանը կորցրել է տիտղոսային մենամարտի իրավունքը և պետք է անցկացնի ևս մեկ մենամարտ՝ հավակնելու չեմպիության մենամարտին։

Ծառուկյանը համաձայնել է Ուայթի հետ. «Երբ մեջքս բուժվի, ես պատրաստ կլինեմ ապացուցել, որ գլխավոր հավակնորդն եմ՝ մենամարտելով ցանկացածի հետ, ում կդնեն իմ առջև», - գրել է նա սոցցանցերում։

Նրա խոսքով, Չարլզ Օլիվեյրայի հետ հինգ ռաունդանոց մենամարտն ամենախելամիտն է։