ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացնել 2,5 մլրդ դրամով:
Որոշմամբ նախատեսվում է գումարը հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «2023-2024 թթ. ընթացքում Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման» ծրագրի իրականացման համար: Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքում, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել ֆուտբոլի 4 դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում:
Տեղի մարզադպրոց կարող են հաճախել նաև հարակից՝ Աջափնյակ և Արաբկիր համայնքների բնակիչները: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.6 մլրդ ՀՀ դրամ:
Արարատի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Արտաշատ քաղաքի համայնքային սեփականություն համարվող հողակտորը: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 800 մլն ՀՀ դրամ:
Գեղարքունիքի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Մարտունի քաղաքի նախկին մարզադաշտի տարածքը, որն արդեն իսկ այս նպատակի իրագործման համար սեփականատիրոջից գնել է Մարտունի համայնքի ավագանին:
Առկա է նաև պայմանավորվածություն Հայաստանի առաջատար ակումբներից Ալաշկերտ ՖԱ-ի հետ առ այն, որ Մարտունիում մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում: Նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ:
Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցի կառուցման համար ընտրվել է Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքը, նախնական հաշվարկով՝ ենթածրագրի արժեքը կկազմի 1.4 մլրդ ՀՀ դրամ: Ընդհանուր, ծրագրի նախնական արժեքը կազմում է 5 մլրդ ՀՀ դրամ, սակայն այժմ ՝որպես աջակցություն ՀՖՖ-ին հատկացվում է միայն 50%-ը՝ 2.5 մլրդ ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի մասով անհրաժեշտության և հնարավորության դեպքում անդրադարձ կկատարվի 2023թ.-ին:
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ:
«Սա աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար: Հայաստանի ֆուտբոլի պամության ընթացքում կառավարությունը երբևէ նման աջակցություն, նման ծավալով չի տրամադրել՝ մարզերում ենթակառուցվածքների զարգացման համար: Մենք վերջին երկու տարվա ընթացքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով և սեփական միջոցներով մոտ 5 մլրդ-ի ներդրումներ ենք կատարել` հիմնականը մարզերում: Մարզերում կառուցվել է 90 փոքր դաշտ, մասնավորապես՝ գյուղական համայնքներում: Արդեն պարաստ է Վանաձորի ստադիոնը, Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան, լուսավորություն ենք տեղադրել Գյումրիում, Աբովյանում, ամբողջովին վերանորոգել ենք Աբովյանի մարզադաշտը և հիմա հունվարի վերջին Երևանում կփորձենք արդեն բացել Խորեն Հովհաննիսյանի անվան դպրոցը: Սա Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիայի կարևորագույն նպատակներից է: Մենք պետք է ունենանք 6-18 տարեկան 10 հազար ֆուտբոլիստ, որոնք կխաղան Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում: Այս պահին այդ թիվը 8 հազար է և այդ ակադեմիաների կառուցմամբ մինչև 2025թ. մենք կգերակատարենք անգամ մեր ռազմավարական նպատակը: Եվ նպատակներից մեկն էլ բոլոր մարզերում ֆուտբոլային դպրոցներ կամ ակադեմիաներ ունենալն է: Այստեղ մեզ կմնա միայն Սյունիքի մարզը, որտեղ առանձնահատուկ մոտեցում է պահանջվում՝ կապված բազմաթիվ խնդիրների հետ: Գալիք տարվա ընթացքում մենք գյուղական համայնքներում պատրաստվում ենք մոտավորապես 1.5 մլն ներդրում կատարել և փոքր դաշտեր կառուցել երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում և Սյունիքում: Իհարկե, ամեն ինչ կառուցվում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Հայաստանումառաջին անգամ նաև ֆուտզալի դահլիճներ կլինեն, կզարգանա նաև ֆուտբոլի այդ ձևը: Այդ դահլիճները կարող են օգտագործվել ոչ միայն ֆուտզալի, այլ նաև, օրինակ՝ հանդբոլի, բասկետբոլի համար, դա էլ լրացուցիչ աջակցություն կլինի այդ մարզաձևերին»,-ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30 ամյակի շրջանակում Հայաստան էին այցելել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի նախագահները:
«Իհարկե, մեր շփումների ընթացքում ես իմ գնահատանքի խոսքն ասացի ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն աջակցելու գործում, որովհետև շատ մեծ ներդրումներ են արվել: Այդ ժամանակ մենք նաև պայմանավորվեցինք, որ նաև կառավարությունը ներդրումներ կանի ՈւԵՖԱ-ին խրախուսելու համար՝ Հայաստանի Հանրապետությունում իրենց ներդրումների ծավալներն ավելացնելու: Ես համոզված եմ, որ նաև մեր գործընկերներն այդ տրամադրությամբ կշարունակեն համագործակցությունը: Պետք է նշեմ, որ անկախ կառավարության նման որոշումներից, իրենք շատ տրամադրված են Հայաստանին աջակցելու»,- ասել է կառավարության ղեկավարն և այդ համատեքսում կարևորել նաև ծրագիրն որակով իրականացնելու անհրաժեշտությունը:
Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի վերափոխման միջև 2050 թվականի ռազմավարության նպատակների մեջ շեշտադրվել է՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր պետք է լինի:
«Ինչպես է հնարավոր իրականացնել այդ նպատակը՝ միայն ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվն ավելացնելով: Լավ հավաքական, բարձր մակարդակի հավաքական հնարավոր է ունենալ, երբ հնարավորինս մեծ թվով երեխաներ են ֆուտբոլ խաղում, և ֆուտբոլային մասնագետները հնարավորություն են ունենում ավելի մեծ թվից ընտրություն կատարել, նկատել առանձնահատուկ տաղանդը և առանձնահատուկ տաղանդը զարգացնելուն ուղղված լրացուցիչ գործողություններ իրականացնել: Սա է, որ բերելու է ֆուտբոլի իրական հիմնարար զարգացման: Այո, կարելի է մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս խաղում ունենալ հաջողություն, բայց ռազմավարական հաջողություն կարելի է ունենալ միայն ռազմավարական ներդրման միջոցով: Ընդ որում, ես ուզում եմ ասել, որ այս ծրագիրը նաև տարածքների համաչափ զարգացման մեր ռազմավարության հետ է կապվում: Կարծում եմ՝ ֆուտբոլը, ֆուտբոլային խաղերի գնալը, դիտելը քաղաքային մշակույթի շատ կարևոր մաս են կազմում: Ցավոք, մեր երկրի շատ քաղաքներ այդ հնարավորությունից զրկված են, բայց հիմա տեսնում ենք, որ այդ պրոցեսը գնում է և հույս ունենք, որ նաև Մարտունիում, Իջևանում, Արտաշատում հիշարժան ֆուտբոլային խաղեր տեղի կունենան, որոնք քաղաքի մթնոլորտը, միջավայրը կփոխեն դեպի լավը և ինչու չէ՝ նաև տուրիստական որոշակի հոսքեր կապահովեն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում