Ծանրորդ Սոնա Պողոսյանին կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ

03.04.2018, 20:21
Հայաստանի հավաքականի ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ–թեստը դրական է:
Ծանրորդ Սոնա Պողոսյանին կասկածում են դոպինգ օգտագործելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ–թեստը դրական է։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Սոնա Պողոսյանը 2017 թ.–ին Տոկիոյում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում 75 կգ քաշային կարգում նվաճել է մեծ բրոնզե և փոքր արծաթե մեդալներ։

«Սոնա Պողոսյանին կասկածում են արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, մասնավորապես, նրա թեստում հայտնաբերվել է S.2 նյութ (հորմոններ և հորմոնանման նյութեր, խմբագրություն)։ Ֆեդերացիան ունի 20 օր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը բողոքարկելու համար», – հայտարարեցին կառույցում։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սոնա Պողոսյանի դոպինգ–թեստը դրական է։ Այս ամենի կապակցությամբ մարզուհին ժամանակավորապես հեռացվել է մրցումներից` հաշվի առնելով հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումները։

Սոնա Պողոսյանից բացի, դոպինգ–թեստը չի անցել Եվրոպայի ծանրամարտի կրկնակի չեմպիոն Ալեքսանդր Պելեշենկոն (մինչև 85 կգ քաշային կարգ)։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2017 թ.–ի սեպտեմբերին որակազրկել է ինը երկրների մարզիկների դոպինգ օգտագործելու պատճառով։ Հայաստանի հավաքականի երեք ծանրամարտիկները` Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը նշվել են որպես անձինք, ովքեր ընդունել են արգելված դեղամիջոցներ, ինչի հետևանքով Մարտիրոսյանն ու Խուրշուդյանը զրկվել են 2008 թ.–ին Պեկինում և 2012 թ.–ին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի բրոնզի մեդալներից։–0–