Սարգսյանը վստահ է, որ հայ մարզիկները Ռիոյի Օլիմպիադայում ունենալու են հաջողություններ

14.08.2016, 11:57
Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող ՀՀ նախագահը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին, հանդիպել է հայ մարզիկներին:
Սարգսյանը վստահ է, որ հայ մարզիկները Ռիոյի Օլիմպիադայում ունենալու են հաջողություններ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին, հանդիպել է հայ մարզիկներին:

Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկներն ունենալու են հաջողություններ:

Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումն ավելի է արժևորվելու:

«Ձեր երկրպագուները շատ են, բայց ձեր առաջին երկրպագուները, առաջին սատարողները Հայաստանի քաղաքացիներն են, ձեր մարզիչներն են, Օլիմպիական կոմիտեն է: Դուք ինձնից շատ լավ գիտեք՝ լարվել պետք չէ: Սպորտը այնպիսի բան է, որ միշտ կարող է լինել հաջողություն և անհաջողություն՝ կարևորը, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել: Վերջին տարիներին բավականաչափ աճել է մրցանակների թիվը: Նորից եմ կրկնում, ամենակարևորը այն է, որ դուք կարողանաք ամբողջովին դրսևորվել», - հանդիպման ընթացքում ասել է Սարգսյանը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին ընդգծել է, որ հայկական թիմը մեդալների իրական հավակնորդներ ունի: Եվ Հայաստանն արդեն կարող էր նվաճած մեդալներ ունենալ, եթե Անդրանիկ Կարապետյանը ցավալի վնասվածք չստանար:

«Ամենակարևորը դուք գիտեք, որ դուք ուժեղ եք: Այսօր ամբողջ հայ ազգը ձեր հաջողությանն է սպասում: Օր ու գիշեր սպասում ենք ձեր հաղթանակներին», - ասել է Ծառուկյանը: -0-