ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը հավաքականի ձախողված ելույթների պատճառներն ուսումնասիրելու մասին։
Նախարարը կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է, որ մտադիր է հրավիրել «ֆուտբոլի իրական փորձագետների իրավիճակն ուսումնասիրելու համար»։
«Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով, քանի որ դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում։ Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին», – ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրապետյանը։
Հայաստանի հավաքականը միևնույն խմբում է հայտնվել Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստայի հավաքականների հետ։
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հոկտեմբերի 14–ին հեռացել է իր պաշտոնից հավաքականի չորս անընդմեջ պարտություններից հետո (չեխերի հետ ընկերական հանդիպում` 0։3, 2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում դանիացիների հետ հանդիպում` 0։1, ռումինացների հետ հանդիպում` 0։5 և լեհերի հետ հանդիպում` 1։2)։ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում