Լևոն Արոնյանն առաջատարների թվում է Սենտ Լուիսում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի արդյունքում

08.08.2016, 13:22
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիսում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի հանդիպումների արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորող չորս առաջատարների թվում է։
Լևոն Արոնյանն առաջատարների թվում է Սենտ Լուիսում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Սենտ Լուիս քաղաքում անցկացվող Սինգֆիլդի գավաթի երեք տուրերի հանդիպումների արդյունքում մրցաշարային աղյուսակը գլխավորող չորս առաջատարների թվում է, հաղորդում է chesspro.ru-ն:

Մրցաշարի երեք օրերից հետո 4 շախմատիստներ Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստներ Դին Լիժենը (Չինաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:

Մեկական միավոր են վաստակել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավը և հոլանդացի Անիշ Գիրին, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է ռուս Պյոտր Սվիդլերը` 0,5 միավորով:

Չորրորդ տուրի զույգերն են Արոնյան – Կարուանա, Նակամուրա – Թոփալով, Դին Լիժեն – Անանդ, Սո – Գիրի, Վաշիեր-Լագրավ – Սվիդլեր:

Սինգֆիլդի գավաթը, որն անցկացվում է օգոստոսի 4-ից 16-ը Սենտ Լուիս քաղաքում, Grand Chess Tour մրցաշարքի մաս է կազմում: Մրցաշարում շրջանաձև համակարգով կխաղա 10 գրոսմայստեր: -0-