Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Ցյուրիխի մրցաշարում

15.02.2016, 11:20
Լևոն Արոնյանը «Zurich Chess Challenge» շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:
Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Ցյուրիխի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Zurich Chess Challenge» շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին, հաղորդում է Europe-echesc.com կայքը։

Այսպիսով, չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր։ Այս պահին առաջատարն է 6 միավոր վաստակած Վիշվանաթան Անանդը, ով աշխարհի նախկին չեմպիոնն է։ Ամերիկացի Խիկարու Նակամուրան և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը վաստակել են 5–ական միավոր և կիսում են 2–3 տեղերը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են 2–ական միավոր վաստակած Շիրովն ու հոլանդացի Անիշ Գիրին։

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխ Չեսս Չելլենջ մրցաշարին>>

Մրցաշարի առաջին շրջանի վերջին հանդիպման ժամանակ հայ գրոսմայստերն ուժերը կչափի Նակամուրայի հետ։

Փետրվարի 12–ին մեկնարկած գերմրցաշարին մասնակցում են վեց առաջատար գրոսմայստերներ։ Արագ շախմատում տարած հաղթանակը կգնահատվի 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր: Կայծակնայինում կգործի միավորների սովորական հաշվարկը: Հաղթողը կորորոշվի միավորների ընդհանուր հաշվարկով:–0–