ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր, գրում է «Ժողովուրդը»։
Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլև, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեսակետ է հայտնել, որ սա կարող է լինել այդ անձանց յ YouTube–յան էջերի գործարկման ժամանակ օգտագործված խարդախ մեթոդների հետևանք, երբ փորձել են դիտումներ և «like»–եր հավաքել:
«YouTube-ն արգելում է դրանք: Հնարավոր է նաև, որ YouTube-ն ավելի է լրջացրել մոտեցումները: Բացի այդ, շատերը գումար վաստակելու համար օգտագործում են միջնորդ գովազդային հարթակներ: Նման խոշորագույն հարթակներից մեկը օրեր առաջ փակվեց: Միգուցե այնտե՞ղ էլ կար խնդիր: Բայց սա ընդամենը վարկած է»,- նշել է Մարտիրոսյանը:–0–