ՀՀ ոստիկանությունը հորդորում է տոնական օրերին ոգելից խմիչք ըմպելու դեպքում չնստել մեքենայի ղեկին

ՀՀ ոստիկանությունը հորդորում է տոնական օրերին խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո չնստել մեքենայի ղեկին, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային ոստիկանությունն իր հերթին կոչ է անում քաղաքացիներին ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելուց:
«Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին:
«Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–