«Զարուհի» ամսագիրը հայտարարել է Miss Z գեղեցկության առաջին մրցույթի հաղթողներին

12.12.2011, 16:34
«Զարուհի» ամսագիրը հայտարարել է Miss Z գեղեցկության առաջին մրցույթի հաղթողներին

«Զարուհի» ամսագրի Miss Z գեղեցկության առաջին մրցույթի հաղթողները երկուշաբթի պատվոգրեր և նվերներ ստացան հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի ձեռքից:

Հաղթողները որոշվել են իրենց և իրենց դստրերի լուսանկարներն ամսագրի էլեկտրոնային հասցեին ուղարկած ընթերցողների նամակներով: Miss Z մեծերի գեղեցկության մրցույթին հաղթեց 19-ամյա Զոյա Բադալյանը:
Մանկական մրցույթում Miss Z տիտղոսին արժանացավ 3-ամյա Աիդա Խաչատրյանը, Miss Z-ժպիտ անվանակարգում հաղթած չորսամյա Էլեն Մարգարյանը և հնգամյա Կարինե Թաիրյանը, որը ճանաչվեց ամսագրի Miss Z-աստղիկ:
Հանձնելով նվերները մրցույթի հաղթողներին՝ Նազենի Հովհաննիսյանը, ով ամսագրի վարկածով ճանաչվել է լավագույն հաղորդավարուհի, երջանկություն և նոր նվաճումներ մաղթեց ինչպես մեծահասակ ընթերցողներին, այնպես էլ Miss Z գեղեցկության մրցույթի փոքրիկ հաղթողներին:

«Մեր հայ կանանց միայն մեկ բան եմ ցանկանում՝ ունենալով լայն մտահորիզոն, երբեք չնվազեցնել սեփական դերն ու սեփական անձը և չապրել բացառապես հանուն երեխաների, ընտանիքի կամ ամուսնու, այլ ապրել հանուն սեփական անձի և ընտանիքի»,- ասաց Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ պատանի հաղթողներին մաղթելով լավ սովորել և ավելի շատ շփվել ծնողների հետ:

Հովհաննիսյանը կիսեց նաև իդեալական ընտանիքի իր տեսլականը, որը, ըստ նրա, պետք է լցված լինի սիրով, հանդուրժողականությամբ և մաքսիմալիզմով, որը պետք է օգտագործվի միայն ընտանիքի բարօրության համար:
Ամսագրի դեկտեմբերյան համարի պատասխանատու Արմենուհի Հակոբյանն իր հերթին հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ ի սկզբանե ամսագիրը լույս է տեսել թերթի տեսքով, իսկ 2011 թվականի սկզբից այն փոխել է ձևաչափը, և այսուհետ «Զարուհին» լույս է տեսնում ամիսը մեկ անգամ:

«Զարուհին» հին հայկական անուն է, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «կրակի տաճարի քրմուհի»:
Ինչպես նշեց Հակոբյանը, պարբերականի ստեղծողները ցանկացել են պահպանել և ցույց տալ իսկական հայուհու կերպարը, միաժամակ բոլորովին չքարոզելով հայ կնոջ իրավունքների սահմանափակ լինելը, այլ միայն ցույց տալ, որ կինը միշտ պետք է կին մնա:

Ամսագիրը բաղկացած է 64 էջից, և յուրաքանչյուր էջում ցանկացած կին կարող է իրեն հետաքրքրող թեմայով հոդված գտնել:

Հակոբյանը պատմեց, որ ամսագիրն ունի մի շարք բաժիններ առողջապահության, հոգեբանության, խոհարարության, կանանց գեղեցկության և դեմքի ու մարմնի խնամքի միջոցների մասին, ամսագրում տեղ են գտնում նաև հայտնի կանանց մասին հոդվածներ և նրանց խորհուրդները կանանց: -0-