Լայզա Մինելին սայթաքել-ընկել է և կոտրել ոտքը. ԶԼՄ

Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին ոտքի երեք կոտրվածք է ստացել՝ սայթաքելով սեփական շանը չնկատելու հետևանքով, հայտնում է հայտնի մարդկանց մասին լուրերի հրապարակումով զբաղվող TMZ ինտերնետ պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախորդ հանգստյան օրերին Լայզա Մինելին սայլակով է հայտնվել Նյու Յորքի համերգային հրապարակներից մեկում. աստղի աջ ոտքը գիպսի մեջ է եղել:
«Ես երեք տեղում կոտրել եմ ոտքս: Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց ես հաջողացրեցի տրորել շանս և կոտրել ոտքս»,- պատմել է Մինելին TMZ-ի աշխատակիցներին:
Ծանր վնասվածքի պատճառ դարձած շան ցեղատեսակն ու չափսերը չեն նշվում:
2000 թվականին դերասանուհին ծանր վիրուսային էնցեֆալիտ է տարել: Բժիշկները ենթադրում էին, որ դրանից հետո նա չի կարող քայլել, սակայն 2001 թվականին Լայզա Մինելին վերադարձավ բեմ: Դրանից հետո նա ազդրի և ծնկահոդի ևս մի քանի վիրահատություն է տարել:
Դերասանուհին համաշխարհային ճանաչում է ստացել 1972 թվականին Բոբ Ֆոսի «Կաբարե» ֆիլմի պրեմիերայից հետո, որում Լայզա Մինելին գլխավոր դեր է խաղացել (երգչուհի Սալի Բոուլզ): Բացի հռչակից այդ ֆիլմը նրան բերել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ, Բրիտանական կիոնակադեմիայի պարգև: Երգերը, որոնք նա կատարել է այդ ֆիլմում, հիթեր են դարձել: Նույն տարում նա ստացել է «Էմմի» մրցանակ «Լայզան գրվում է «զ»-ով» լավագույն հեռուստաներկայացման համար:
2001-2008 թվականներին Մինելին մասնակցել է համերգների, նկարահանվել մի քանի հեռուստասերիալներում էպիզոդիկ դերերում: 2008 թվականին նա վերադարձել է Բրոդվեյ «Lizas at the palace» նոր մենահամերգով:
Նախորդ տարի նա ինքն իրեն է մարմնավորել «Սեքսը մեծ քաղաքում-2» ֆիլմում, ինչից հետո ստացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակը՝ (շնորհվում է կինոարվեստի վատագույն նվաճումների համար) որպես երկրորդ պլանի ամենավատ դերասանուհի:
Հոլիվուդի Փառքի արահետում կա Լայզա Մինելիի աստղը: Նա չորս անգամ ամուսնացած է եղել՝ սցենարիստ Փիթեր Ալենի, պրոդյուսեր և ռեժիսոր Ջեք Հեյլիի, քանդակագործ Մարկ Գրիոյի և հեռուստապրոդյուսեր Դեվիդ Գեսթի հետ: Բացի այդ, արտամուսնական կապի մեջ է եղել Շառլ Ազնավուրի, Մարտին Սկորսեզեյի, Միխայիլ Բարիշնիկովի հետ: Լայզա Մինելին երեխաներ չունի: -0-