Մարդահամարի արդյունքների ամփոփման համար Հայաստան կժամանեն ամերիկյան մասնագետները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Շուտով Հայաստան կժամանեն ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի մասնագետները և աջակցություն կցուցաբերեն մարդահամարի արդյունքների ամփոփման գծով աշխատանքների կազմակերպման հարցում, ասել է ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի ժողովրդագրական ծրագրերի տնօրեն Օլիվեր Ֆիշերը ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ պատմության մեջ երկրորդ մարդահամարի անցկացումն ավարտվում է հոկտեմբերի 21-ին: Նախատեսվում է, որ տվյալների մշակման և ամփոփման գործընթացը մոտ մեկ տարի կտևի:
Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Ֆիշերը տեղեկացրել է, որ հետևել է գործընթացին և տպավորված է ինչպես աշխատանքների բարձր կազմակերպվածությամբ, սահուն ընթացքով, այնպես էլ հաշվարարների պատրաստվածությամբ և պատասխանատու աշխատանքով:
Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը մարդահամարի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար: Փոխվարչապետը կարևորել է ամերիկյան կողմի օժանդակությունը գործընթացի հաջորդ` արդյունքների ամփոփման փուլին:
Նշելով, որ մարդահամարի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը վստահություն է ներշնչում շահագրգիռ կողմերին` Գևորգյանը տեղեկացրել է, որ կառավարությունն աշխատում է միջազգային դոնոր կազմակերպությունների, տարբեր պետությունների հետ` արդյունքների ամփոփման փուլի համար անհրաժեշտ միջոցների ներգրավման ուղղությամբ:
Հայաստանի անկախացումից հետո առաջին մարդահամարն անցկացվել է 2001 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը։ Ըստ մարդահամարի տվյալների, Հայաստանի բնակչությունը կազմել է 3,2 մլն մարդ։ -0-