Հայտնի գերմանացի հեքիաթասացն ու նկարազարդողը հայ երեխաներին պատմություն հորինել կսովորեցնի

06.10.2011, 13:14
Հայտնի գերմանացի հեքիաթասացն ու նկարազարդողը հայ երեխաներին պատմություն հորինել կսովորեցնի

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 10-ին Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հայտնի գերմանացի մանկագիր Բիրտե Մյուլերը վարպետության դասեր կանցկացնի ամենափոքր տարիքի գրասերների համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

«Գերմանիայում ավանդույթ կա, որի համաձայն մանկական ստեղծագործությունների հեղինակներն ինքներն են իրենց գրքերի նկարները նկարում, և նկարազարդման արվեստը գերմանացի մանկագիրն անձամբ կցուցադրի մեր երեխաներին»,- ասաց Տոնոյանը:
Նա նշեց, որ «Պատրաստում ենք գիրք» թեմայով վարպետության դասին կմասնակցեն գրադարանի 25 պատանի այցելուները, ովքեր գերմանական թեքումով դպրոցի աշակերտներ են:

Մյուլերը կօգնի երեխաներին համատեղ ջանքերով հեքիաթ հորինել, ընդ որում դա կոլեկտիվ ստեղծագործություն կլինի, որտեղ հեղինակներից յուրաքանչյուրն ինչ-որ արտահայտություն կհորինեն:

Արդյունքում, ըստ նրա, հեքիաթ կծնվի, որի նկարները նույնպես երեխաներն են նկարելու:
Տոնոյանը նաև ընդգծեց նախօրեին բացված «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» խորագրով ցուցադրության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, որտեղ ներկայացված են 13 գերմանացի նկարիչների գրքերի նկարազարդումները, որոնց թվում են ինչպես համաշխարհային հայտնի վարպետները, այնպես էլ՝ պատանի տաղանդները:

Ըստ նրա, երկու միջոցառումներն էլ անցնում են «Դարձ առ գիրք» փառատոնի շրջանակներում, որը դեռ նախորդ տարի էր հայտարարվել՝ հայկական գրատպության 500-ամյակի նախաշեմին, որը կտոնվի 2012թ.-ին:
Միջոցառումներն անցնում են Գյոթեի Ինստիտուտի աջակցությամբ, որի հետ 1997թ.-ից համագործակցում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: -0-