Աբրահամ Ռուսոն հայկական ռեստորան կբացի Կիևում

Հայկական արմատներ ունեցող հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն մտածում է Կիևում սեփական հայկական ռեստորան բացելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, այդ մասին ռուսական էստրադայի աստղը լրագրողներին հայտնել է Ղրիմում՝ Օրլովա գյուղում, որտեղ «Ոսկե գրամոֆոն-Ուկրաինա» երաժշտական մրցանակաբաշխության արարողության ժամանակ շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր են հավաքված եղել:
Ինչպես տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները, Ռուսոն Օրլովկայում է հայտնվել կիտրոնագույն կոստյումով և սիրով շփվել է լրագրողների հետ:
Ռուսոն միշտ խոսում է մորական կողմից ունեցած իր հայկական արմատների մասին և արդեն վաղուց երգում է հայերեն: Վերջին անգամ Ռուսոն համերգով Երևանում է եղել մարտի 5-ին: Այդ ժամանակ նա հայտնել է հայերեն լեզվով ալբոմ ձայնագրելու մտադրության մասին: -0-