«Ալմաստ» երկաթուղային կառամատույցը բացվել է օգոստոսի 5-ին Երևանում

Օգոստոսի 5-ին Երևանում բացվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նոր «Ալմաստ» կառամատույցը, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում համանուն գործարանի հարևանությամբ:
«Այսուհետ «Ալմաստ» կառամատույցից գնացքները դեպի Սևան մեկնելու են ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից: Շաբաթվա աշխատանքային օրերին գնացքը ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին` մինչև Շորժա»,- ասաց «ՀԿԵ» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանը:
Այսպիսով, ըստ նրա, Երևանում սկսեց գործել ևս մեկ երկաթուղային կայարան, որը նաև բացում է դեպի Սևանա լիճ տանող այլընտրանքային ճանապարհ:
Գնացքների երթևեկությունը գործարանի հարևանությամբ գտնվող գծերով և կամրջով կասեցվել է 2006-ին, սակայն քաղաքացիների խնդրանքով ՀԿԵ-ն որոշել է վերսկսել այն:
Ղալեչյանը նշեց, որ Երևան-Սևան տոմսերի արժեքը կտատանվի 500-700 դրամի (երկու դոլարից պակաս) սահմաններում, ինչը զգալիորեն էժան է այդ ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներից:
Ըստ նրա, կառամատույցի վերականգնումն իրականացվում է այս տարվա փետրվարին Երևանի քաղաքապետարանի և «ՀԿԵ» ՓԲԸ միջև սոցիալ-տնտեսական համագործակցության մասին կնքված համաձայնագրի համաձայն:
«Երևանից դեպի Շորժա կտևի 2 ժամ 45 րոպե, ելքը կլինի առավոտյան 9.35-ին, իսկ գնացքը Երևան կվերադառնա երեկոյան 8-ին»,- ասաց նա:
Ղալեչյանը տեղեկացրեց, որ ամեն օր Երևան-Շորժա ուղղությամբ կարող է ուղևորվել 400 մարդ, իսկ ուղևորների քանակի պահանջարկի դեպքում հնարավոր է, որ սպասարկի 20 վագոնանոց գնացքը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԿԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—