ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է Լոս Անջելեսում գերհոգնածության պատճառով, հաղորդում է
BBC-ն:
Ռեփերը հոսպիտալացվել է «Saint Pablo» շրջագայության շրջանակում ավելի քան քսան համերգ չեղարկելուց հետո:
Մինչ այդ Ուեսթը խափանել է սեփական համերգը Սակրամենտոյում` քննադատության ենթարկելով Ջեյ Զիին և Բեյոնսեին: Նախորդ շաբաթ ռեփերը հայտարարել է Սան Խոսեի բեմից, որ սատարում է Թրամփին և պատրաստվում է անձամբ իր թեկնածությունն առաջադրել 2020 թ.-ի նախագահական ընտրություններին:
TMZ-ի կայքի աղբյուրները հայտնում են, որ երաժիշտը հոսպիտալացվել է «հոգեկան վիճակի» գնահատման համար: Ոչ Ուեսթը, ոչ նրա ներկայացուցիչները դեռևս ոչ մի հայտարարություն չեն արել:
Նրա կինը` Քիմ Քարդաշյանը, պետք է երկուշաբթի այցելեր Նյու Յորքում կայանալիք միջոցառումը: Ակնկալվում էր, որ նա առաջին անգամ կհայտնվի հանրության առջև Փարիզի հյուրանուցում կողոպուտից հետո: Սակայն աստղը չի ժամանել: -0-