ՀՀ-ում սկսվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը․ առաջնահերթությունը` ռիսկի խմբերին․ ԱՆ

22.10.2020, 16:43
ՀՀ-ում սկսվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը․ առաջնահերթություն է տրվում ռիսկի խմբում գտնվող անձանց․ ԱՆ
ՀՀ-ում սկսվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը․ առաջնահերթությունը` ռիսկի խմբերին․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջության առաջնային պահպանման օղակն ապահովված է սեզոնային գրիպի պատվաստանյութով, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում կատարվում է կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։

Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել:

Ռիսկի խմբերն են.

  • հղիները,

  • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,

  • 65 տարեկանից բարձր անձինք,

  • շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,

  • բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք,

  • փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և սեզոնային գրիպի ռիսկի խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները:

«Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար»,- նշում են ԱՆ-ից։-0-