ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2021 թվականի փետրվարին շարքային կազմի պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչ է իրականացվելու: Զորացրումն իրականացվելու է հունվարի 8-ից մինչև փետրվարի 14-ը:
Ինչպես«Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից, որ 2021 թվականի առաջին ձմեռային զորակոչն իրականացվելու է փետրվարին, սակայն օրը կհստակեցվի Կառավարության համապատասխան որոշումից հետո:
Սովորաբար ձմեռային զորակոչը մեկնարկում էր հունվարից, այս տարի, կորոնավիրուսյան իրավիճակով պայմանավորված, զորակոչը պետք է մեկնարկեր դեկտեմբերին:
ՊՆ-ն զորակոչ և զորացրում իրականացնում է տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը:
Դեկտեմբերի 11-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հրամանագիր է ստորագրել՝ 2021 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: 2021-ի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն:
Հրամանագրով 2021-ի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:–0–