Երևանում թագադրվել է «Միսս Հայաստան 2019»–ը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում նախօրեին կայացած Գեղեցկության ազգային մրցույթի ընթացքում որոշվել է «Միսս Հայաստան 2019»–ը։ Կոչմանն է արժանացել Երևանի բնակչուհի Հայկուհի Մաթևոսյանը։
Հաղթողին ընտրել է ժյուրին, որի կազմում ներառված էին հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, դերասան Հրանտ Թոխատյանը, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, «Հայուհի» հրատարակության խմբագիր Լիդա Գոլովինան և այլք։
Մրցույթի շրջանակում Հայաստանի բոլոր անկյուններից Երևանում էին հավաքվել ամենագեղեցիկ աղջիկները։
Քասթինգին մասնակցած տասնյակ աղջիկների թվում մրցույթի եզրափակիչ էին անցել 20 աղջիկներ` Երևանից, Շիրակի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի և Կոտայքի մարզերից։
Եզրափակիչ անցած աղջիկները մասնակցեցին դեֆիլեին ազգային տարազով, լողազգեստով և երեկոյան զգեստներով։
Ելույթներն ուղեկցվում էին երաժշտական համարներով։ Մասնավորապես, ելույթ ունեցան Իվետա Մուկուչյանն ու Էրիկ Կարապետյանը, ինչպես նաև դաշնակահար Լին Կաոն։
Մրցույթի ընթացքում ժյուրին ստիպված էր երեք անգամ կատարել բարդ ընտրություն` սկզբում ընտրելով կիսաեզրափակիչ դուրս եկած տասնյակին, այնուհետև հնգյակին, իսկ արդեն եզրափակչում` որոշել, թե գեղեցկուհիներից ով կարժանանա «Միսս Հայաստան 2019»–ի թագին։
«Միսս Հայաստան 2019» Հայկուհի Մաթևոսյանը կներկայացնի Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։–0–