Հայտնի է ստամոքսը «սպանող» տարածված սովորությունը
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Շատերը գիտեն, որ սուրճի չափազանց շատ օգտագործումը կարող է վնասել սիրտ–անոթային և նյարդային համակարգին։ Որոշ բժիշկներ կարծում են, որ առավոտյան սուրճի օգտագործումը կարող է վնասել ստամոքսին, գրում է udf.by–ը։
Կարծիք կա, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել գաստրիտի և անգամ ստամոքսի խոցի։ Այս մասին խոսում էին անգամ բժիշկներն` արգելելով իրենց հիվանդներին նույնիսկ մտածել սուրճի մասին։ Սակայն, ի ուրախություն բազմաթիվ կոֆեմանների, պարզվեց, որ այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։
Սուրճի օգտագործումը ոչ մի կերպ չի կարող դառնալ խոցի պատճառ։ Այս գաղափարից վերջնականապես հրաժարվեցին այն բանից հետո, երբ 2005 թ.–ին բացահայտվեց ստամոքսի խոցի իսկական պատճառը` Helicobacter pylori մանրէն։ Որոշ ժամանակ շրջանառվում էր կարծիք, որ հնարավոր է` սուրճն այստեղ հանդես է գալիս որպես նախատրամադրող գործոն։ Սակայն այս գաղափարից ևս հրաժարվեցին, քանի որ սուրճի մեջ չգտնվեց ոչ մի նյութ, որը կարող էր հանգեցնել ստամոքսի թաղանթի և տասներկումատնյա աղու էրոզիվ պրոցեսների զարգացման։
Եթե խոցի հետ քիչ թե շատ ամեն ինչ հասկանալի է, ապա գաստրիտի դեպքում իրավիճակն այլ է։ Եթե դուք գաստրիտ ունեք, ապա սուրճի հետ, ամեն դեպքում, պետք է զգույշ լինեք։ Առավոտյան քաղցած ժամանակ սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի կծկումների և ցավի։ Եվ խնդիրն այստեղ կոֆեինը չէ, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ։ Սուրճում առկա են մեծ թվով քլորոգեն միացություններ, որոնք նպաստում են ստամոքսում աղաթթվի ավելորդ քանակի արտադրության։ Դա կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռման, ինչպես նաև այրոցի։
Սուրճից հետո ոչինչ չուտելու դեպքում ախտանշանները կարող են ուժեղանալ։ Որոշ մասնագետներ պնդում են, որ առավոտյան քաղցած ժամանակ սուրճ խմելու սովորությունը կարող է հանգեցնել գաստրիտի, սակայն սուրճն այստեղ հիմնական պատճառը չէ։ Հնարավոր է` այս դեպքում սուրճը կարող է բացասական գործոն լինել, սակայն ոչ պատճառ։
Ստամոսքի հետ խնդիրներից խուսափելու համար ավելի լավ է չխմել սուրճ առավոտյան` քաղցած ժամանակ։ Խորհուրդ է տրվում սուրճի հետ ուտել որևէ բան, օրինակ` թխվածքաբլիթ։
Մասնագետները պարզել են, որ առողջ մարդու համար 300 մգ կոֆեինը վնաս չէ։ Օրինակ, 250 մլ ամերիկանոն պարունակում է միջինը 150–250 մբ կոֆեին` կախված սուրճի թնդությունից։ Այսինքն, օրական մի քանի բաժակ սուրճը հաստատ վնաս չէ, եթե, իհարկե, չկան հակացուցումներ։ Լուծվող սուրճում կոֆեինի պարունակությունն ավելի քիչ է, սակայն այն ավելի վնասակար է մշակման պրոցեսի պատճառով։–0–