Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes.ru-ի կազմած «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2025» ցանկում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ներառվել է Forbes.ru-ի կազմած «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2025» ցանկում։
Հրապարակված թոփ-30 ցանկում Կարապետյանը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Հաշվարկների համաձայն՝ «Տաշիր» ԸԽ–ի՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը 2024 թվականին աճել է 7.03%-ով՝ հասնելով 685 միլիոն դոլարի։
Ընկերությունն ունի 1 միլիոն 105 հազար քմ առևտրային տարածքներ, 98 հազար քմ գրասենյակային տարածքներ, 48 հազար քմ պահեստներ և 892 համար ունեցող հյուրանոցներ։
«Տաշիր»-ը բազմապրոֆիլ հոլդինգ է, որը զբաղվում է բնակարանների շինարարությամբ, ունի նախագծեր էներգետիկայի ոլորտում։ Ընկերության ընդհանուր հասույթը 2024 թվականին աճել է 16%-ով՝ հասնելով 260 միլիարդ ռուբլու։
Ընկերությունը գործում է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Յարոսլավլում և այլ քաղաքներում։ «Տաշիր»-ի կառավարման տակ գտնվող օբյեկտներ տարեկան այցելում է 200 միլիոն մարդ (ընկերության տվյալներով)։
Խոշորագույն օբյեկտներից են «ՌԻՈ»–ն՝ Դմիտրովյան մայրուղում (220,000 քմ), ՄՖԿ Kvartal West–ը (140,000 քմ), Novotel Moscow City–ն (360 համար)։ Թվով 16 «ՌԻՈ» առևտրի կենտրոններ աշխատում են Ռուսաստանի 15 քաղաքներում և Երևանում։