Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019թ. օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթորեն ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից:-0-