Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա. Համաձայն Երևանի տրանսպորտային ոլորտի բարեփոխումների նախագծի՝ քաղաքապետարանը նախատեսում է վերջնականապես հրաժարվել ուղևորատար «Գազելներից», մամուլի ասուլիսին ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:
«Մենք ծրագրում ենք ամբողջությապես հրաժարվել երթուղային տաքսից, մասնավորապես, « Գազելներից»: Անցում կկատարենք խոշոր ավտոբուսների օգտագործմանը: Օրինակ, ներկայում օգտագործվող չինական ավտոբուսները պատկանում են փոքրերի կատեգորիային», - ասաց նա:
Նա պարզաբանեց, որ միկրոավտոբուսների գործարկումը հնարավոր է այն դեպքում, եթե տեխնիկական պատճառներով չափերով մեծ տեխնիկան երթուղիներում հնարավոր չլինի օգտագործել:
Անդրադառնալով ամենաքննարկվող թեմարից մեկին՝ տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
«Չնայած բոլոր գնահատված ծախսերին՝ դեռ աշխատանքների վաղ փուլում գների բարձրացումից խուսափելը եղել է հիմնական խնդիրներից մեկը: Խորհրդատվական WYG International Limited ընկերության հետ համագործակցության ընթացքում մենք հստակ բացատրել ենք, որ այդ հարցը առավել կարևորներից մեկն է:», - ասաց նա:
Բարեփոխումների նախնական նախագիծը, որի մշակմանը ներգրավված էր WYG International Limited խորհրդատվական ընկերությունը, նախատեսվում է ներկայացնել 2017 սեպտեմբերին: Այդ նախագծի իրագործումը կարող է սկսվել արդեն 2018 թ-ին:
Բացի այդ՝ փոխքաղաքապետի խոսքերով, մեծ ավտոբուսների օգտագործումը հնարավորություն կտա մեծապես թեթևացնել քաղաքի տրանսպորտային համակարգը:
«Միկրոավտոբուսներից հրաժարումը (ուղևորների) հոսքի մի մասին կուղղորդի դեպի տրոլեյբուսներ և մետրո: Դիտարկվում է տրոլեյբուսային ցանցի արդիականացման հնարավորությունը, բայց ոչ ընդլայնումը: Իսկ մետրոյի դեպքում, պետք է ընդունել, որ ապագայում առանց պետական սուբսիդիավորման այն չի կարող գոյություն ունենալ», - եզրափակեց նա: -0-