Ովքեր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից

19.11.2024, 11:01
Փոխքաղաքապետը ներկայացրեց սոցիալական տարբեր խմբերի համար առավելությունները՝ տրանսպորտի սակագների փաթեթում
Ովքեր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ավագանու նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց 2024թ մարտի 12-ին ընդունված սակագներից որոշակի խմբերի արտոննությունները։

Նախագծի ընդունման պայմաններում փոխքաղաքապետը ներկայացրեց տրվող արտոնությունները։

«Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը անվճար մատուցվի, դպրոցականների համար՝ 8-18 կամ 17 տարեկան ներառյալ 20% ավելի մատչելի գնով ծառայություն մատուցվի։ Միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30%, ուսանողներին, որոնք ուսանում են Երևանում՝ անկախ հաշվառման վայրից՝ 15%, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր՝ անվճար, պետական խնամքի տակ գտնվող մանկատներում և ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և աջակցություն են ստանում պետությունից՝ 20%»,-պարզաբանեց փոխքաղաքապետը։

Գրիգորյանի խոսքով՝ անվճար կլինի նաև նախկին ԽՍՀՄ հերոսների, սոցիալիստական աշխատանքի, ազգային հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց, բազմազավակ ընտանիքների ծնողների՝ չորս և ավել երեխա ունեցողների համար։

Այս նախագիծը, փոխքաղաքապետի գնահատմամբ, ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն կամ ունեն համապատասխան վաստակ Հայաստանի Հանրապետության առջև։

«Շատ քննարկումներ են եղել, որ մեր կողմից ընդունված սակագները կարող են բերել թանկացման՝ կոնկրետ անձանց տրանսպորտից օգտվելու շրջանակում, մենք դա չենք էլ հերքել, նշել ենք նաև, որ կլինեն անձինք, որոնց համար էժանացման կարող է բերել, բայց այն անձանց, ում համար թեկուզ աննշան թանկացման կբերի և դա իրենց համար կարող է ծանր բեռ լինել, նրանց խնդիրը հասցեագրվում է այս փաթեթով»,-հավելեց նա։