Ռազմադաշտում ենք ունեցել ձախողում, ոչ թե դիվանագիտության մեջ. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռազմադաշտում ենք ունեցել ձախողում, ոչ թե դիվանագիտության մեջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Ես չեմ մեկնաբանում ստորագրված փաստաթուղթը (նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խմբգր.): Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում և դա պետք է ճիշտ գնահատել, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին մեր զինվորները հերոսաբար դիմադրում։ Ամբողջ մեր խնդիրն է հիմա անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշել է նա։
Նախարարն ընդգծել է, որ ստորագրված փաստաթղթի դրական կետն այն է, որ պատերազմը կանգնեցվեց:
«Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել: Իսկ եթե ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն, ուրեմն ես գտնում եմ, որ սա մեր պարտքն է, բոլորիս պարտքը, նախևառաջ այսօր, երբ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ: Մեր պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել: Սա մեր պարտքն է մեր զինվորներ առջև»,- նշել է Այվազյանը: -0-