Թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու հարցում ՆԱՏՕ-ի մերժումն արտացոլվում է այդ խնդրի լուծման վրա. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աֆղանստանից բխող թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարում ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու հարցում ՆԱՏՕ-ի մերժումը չի նպաստում համատեղ աշխատանքի որակին, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՀԱՊԿ մասնակից-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը:
«Մենք կողմ ենք, որ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ համագործակցի առաջին հերթին թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի հարցում, քանի որ ՆԱՏՕ-ն այժմ գործում է Աֆղանստանում, իսկ ՀԱՊԿ-ն ունի համապատասխան ուժեր և միջոցներ աֆղանական սահմանի արտաքին պարագծով: Իսկ իրական ռեժիմում իրականացվող փոխգործակցությունը կարող էր իրատեսորեն բարձրացնել թմրանյութերի հոսքը դադարեցնելուն ուղղված ջանքերի արդյունավետությունը: Մենք ժամանակ ենք կորցնում, քանի որ հինգ տարի է, ինչ ՆԱՏՕ-ն չի արձագանքում ՀԱՊԿ-ի համապատասխան առաջարկներին: Կարծում եմ, որ այս ամենը չի նպաստում մեր համատեղ աշխատանքի որակին», - ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանի և նրա միջինասիական հարևանների համար թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարն ունի հատուկ նշանակություն:
«Մենք համոզված ենք, որ նախքան հայտարարելն այն մասին, թե Աֆղանստանում ամեն ինչ կարգին է, հարկավոր է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել կակաչի պլանտացիաների ցանքերի արմատախիլ անելուն: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու հենց նույն Կոլումբիայում ամերիկացի գործընկերները հարկավոր են համարում թմրանյութերի սպառնալիքի դեմ պայքարի ռազմավարության մեջ ներառել կոկաինի ցանքերի չեզոքացումը, իսկ Աֆղանստանում նրանք կասկածում են այդ ամենի իսկության հարցում: Մենք ոչ մի տարբերություն չենք տեսնում: Այդ ցանքերից հերոյին են արտադրում, այդ պատճառով հարկավոր է պայքարել թմրանյութերի սպառնալիքի հետ կապված ողջ օղակով, իսկ այդ սպառնալիքն իրական է, այն ոչ թե մեր դռների առջև է, այլ արդեն Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի Դաշնության տարածքում է», - ասել է Լավրովը:-0-