Բրիտանիայի վարչապետն ընդհատում է արձակուրդը և Լոնդոն է վերադառնում զանգվածային անկարգությունների պատճառով

09.08.2011, 13:29
Բրիտանիայի վարչապետն ընդհատում է արձակուրդը և Լոնդոն է վերադառնում զանգվածային անկարգությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանակից շուտ ընդհատում է արձակուրդը և վերադառնում հայրենիք՝ Լոնդոնում բռնկված անկարգությունների և ջարդերի դեմ պայքարելու ջանքերը համակարգելու նպատակով, երկուշաբթի երեկոյան հայտնել է բրիտանացի վարչապետի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
 
Սպասվում է, որ երեքշաբթի նրա գլխավորությամբ COBRA արտակարգ կոմիտեի նիստ կանցկացվի։
Հուզումներ են բռնկվել Լոնդոնում շաբաթ օրը երեկոյան երկրի հյուսիսային Թոթենհեմ շրջանում, իսկ կիրակի դրանք տարածվել են բրիտանական մայրաքաղաքի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային մի շարք այլ շրջաններում։

Երկուշաբթի երեկոյան ագրեսիվ տրամադրված երիտասարդների և ոստիկանների միջև բախումներ են բռնկվել Լոնդոնի արևելյան և հարավարևելյան Հաքնի և Լյուիշեմ շրջաններում։

Ոստիկանների կարծիքով, բռնության երկրորդ և երրորդ օրերը «իսկական խուլիգանության» դրսևորումներ են, Թոթենհեմի անկարգությունների նմանակում, որոնք սկսվեցին որպես ոստիկանների հետ փոխհրաձգությունում տեղաբնակի սպանության դեմ բողոքի հանրահավաք, իսկ արդյունքում վերածվեցին թալանի և կողոպուտի։

Խուլիգանների հետ բախումներում արդեն շուրջ 35 ոստիկան է զոհվել։
Ձերբակալվել են անկարգությունների 215 մասնակիցներ, որոնցից 27-ին արդեն մեղադրանք է առաջադրվել։

Քեմերոնն ու նրա ընտանիքը երկշաբաթյա արձակուրդ է անցկացնում Տոսկանայի կալվածքում։ Հանգիստը պետք է շարունակվեր մինչև այս շաբաթվա վերջ։

Մինչդեռ հայրենիքում բրիտանացի վարչապետն արդեն քննադատության է արժանացել այն պատճառով, որ արտերկրում է այն պահին, երբ Մեծ Բրիտանիայում շատ բարդ իրավիճակ է՝ ցնցում են ապրում ֆոնդային շուկաները, իսկ Լոնդոնում երկու օրվա ընթացքում փողոցային անկարգություններ են կատարվում։

Ավելի վաղ՝ երկուշաբթի, արձակուրդներից վաղաժամկետ վերադարձել են փոխվարչապետ Նիք Քլեգը, ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։ -0-