Մանուկյան. Թուրքիայի հետ հիմա հարաբերությունները բարելավելը նշանակում է՝ դու ո՛չ արժանապատվութուն ունես, ո՛չ՝ խելք

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստեղծված իրավիճակում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելը նշանակում է ո՛չ արժանապատվութուն ունենալ, ո՛չ՝ խելք: Այս մասին հայտնել է ընդդիմության կողմից առաջադրվող՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:
Նա ընդգծել է, որ ինքը կողմնակից էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելուն, բայց, իր խոսքով, դա չի նշանակում, որ «ամեն պահ դա կարելի է անել»։
«Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին, մեզ ջարդել են, հազարավոր զոհեր ենք տվել, մեր կանանց, երեխաներին սպանել են իրենք և Բաքվի պառադում իրենք հայտարարում են, որ «Երևանն էլ է իրենցը, Սևանն էլ է իրենցը»։ Երբ որ դու էդ պայմաններում գնում ես, դիմացինին ասում ես՝ «ես քո հետ ուզում եմ ընկերություն անել», դա նշանակում է՝ դու ո՛չ արժանապատվութուն ունես, ո՛չ՝ խելք»,- հայտնել է Մանուկյանը։
Նա նշել է, որ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որը նա վարում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևանների և շատ ուրիշ երկրների նկատմամբ, իր պատժի բաժինը ստանալու է: Մանուկյանի խոսքով, գլոբալ իմաստով, մեզ համար Թուրքիայի հետ ճանապարհը շատ կարևոր է, բայց ոչ էս պահին, միգուցե տարիներ հետո։
«Նույնիսկ Թուրքայի հետ ճանապարհներ բացելն այս պահին ես դեմ եմ։ Ես գտնում եմ, որ մեզ համար ճանապարհը շատ կարևոր է Թուրքիաի հետ, բայց ոչ էս պահին, միգուցե տարիներ հետո։ Մի հատ ոտքի կանգնիր, քո անվտանգությունը պաշտպանիր, քո տնտեսությունը կանգնեցրու ինչ-որ վիճակի մեջ, թե չէ 5 րոպեում կուլ ես գնալու․ Հայաստանում տնտեսություն չի լինելու, լինելու է ամբողջը թուրքական»,- նշել է Մանուկյանը: -0-