Երևանը և Կահիրեն կքննարկեն երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդագրության բացման հարցը

06.02.2012, 11:06
Երևանը և Կահիրեն կքննարկեն երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդագրության բացման հարցը
Երևանը և Կահիրեն կքննարկեն երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդագրության բացման հարցը

Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարները՝ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամեդ Ամրը, քննարկել են տնտեսական համագործակցության և երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդագրության բացման հնարավորության շուրջ հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը կայացել է անցած շաբաթ օրը Մյունխենում՝ անվտանգության միջազգային 48-րդ համաժողովի շրջանակներում:

«Տնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ քննարկումների ժամանակ նախարարները նշեցին, որ երկրների միջև ուղիղ չվերթերը կնպաստեն թե տնտեսական կապերի, թե զբոսաշրջության խթանմանը և պայմանավորվեցին ուսումնասիրել ուղիղ ավիակապ հաստատելու հնարավորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախարարները երկուստեք նշեցին հայ-եգիպտական դարավոր հարաբերությունների ավանդական բարեկամական բնույթը և անդրադարձան դրանց զարգացման, տնտեսական փոխգործակցության խթանման, մշակութային փոխանակումների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես լավ և ամուր հարաբերություններ է ունեցել Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ և շարունակելու է դրանց առավել ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Նախարար Ամրն իր կողմից ներկայացրել է Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, անցումային կառավարության կողմից երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է, որ.Եգիպտոսի հազարամյա պատմության մեջ, ներկայիս անցումային փուլը ընդամենը մի դրվագ է և, վստահաբար, Եգիպտոսի ժողովուրդը կհաղթահարի բոլոր դժվարությունները, ինչպես դա բազմիցս արել է իր պատմության ընթացքում:

Նա նաև ցավակցություններ է հայտնել օրերս Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում ֆուտբոլային երկրպագուների ընդհարման արդյունքում զոհերի կապակցությամբ:

Նույն օրը տեղի է ունեցել Նալբանդյանի հանդիպումը Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչեմի հետ, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների համագործակցության հարցեր: -0-