Հայաստանը դեռևս հեռու է ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում անդամակցությունից. ՄՃԽ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը դեռևս հեռու է ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում անդամակցությունից, ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը՝ պատասխանելով այդ կազմակերպություններ Հայաստանի մուտք գործելու հնարավորության մասին հարցին:
«Շատ կարևոր է լինել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ: Սակայն Հայաստանը դեռևս հեռու է այդ կազմակերպություններին անդամակցելուց, քանի որ նա հեռու է նրանց կողմից առաջարկվող չափորոշիչներից, ինչպիսիք են՝ կառավարման և տնտեսության ոլորտի բարեփոխումները, ժողովրդավարական համակարգի ստեղծումը, բանակում ավելի թափանցիկ իրավիճակ: Այս ամենը կնպասի նրան, որ Հայաստանը կդառնա ուժեղ և կայուն երկիր», - ասել է Ֆրեյզերը http://bs-kavkaz.org կայքին տված հարցազրույցում:
Խոսելով այն մասին, թե որքանով են համապատասխանում այդ չափորոշիչներին Վրաստանն ու Ադրբեջանը և որքանով են պաշտպանված մարդու իրավունքներն այդ երկրներում՝ փորձագետը նշել է, որ հարավկովկասյան երեք հանրապետություններում մարդու իրավունքների խախտման դեպքերը հազվադեպ չեն՝ իհարկե որոշակի տարբերությամբ:
«Սակայն կասկածից վեր է դատավարության և ոստիկանական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը: Այս երկու համակարգերը պետք է հաշվետու լինեն ոչ թե իշխանություններին կամ մարդկանց որևէ խմբին, այլ այդ երկրների քաղաքացիներին: Միայն այդ դեպքում կարելի է մարդու իրավունքների ապահովման իրական երաշխիքներ ակնկալել», - ասել է նա:
Միջազգային ճգնաժամային խումբն ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1995 թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի հետախուզության հարցերով նախկին խորհրդական (1985-1989) և Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան (1990-1991) Մարտոն Աբրամովիչի կողմից:
Խմբի համահիմնադիրն էր նախկին կոնգրեսական, ԱՄՆ-ի ազդեցիկ լոբբիստներից մեկը՝ Սթիվեն Սոլարցը: ՄՃԽ-ի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցները հատկացրել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ով կազմակերպության գործադիր կոմիտեի անդամներից մեկն է: ՄՃԽ-ն գրանցված է ԱՄՆ-ում, սակայն կազմակերպության շտաբ-գրասենյակը գտնվում է Բրյուսելում: -0-