«Ասպարեզ» լրագրողական ակումբը քննադատության է ենթարկել ՀՀՀ-ի եթերում հեռարձակվող գովազդի տևողությունը
Գյումրի քաղաքի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կտրուկ քննադատության է ենթարկել ՀՀ «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչի հետևանքով հեռուստատեսության, մասնավորապես՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) եթերում ավելացել է գովազդի տևողությունը:
ՀՀ խորհրդարանը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքներում, որոնց համաձայն առաջարկվում է կարգավորել գովազդի մի քանի տեսակները: Ընթացիկ տարվա մայիսին կատարված ուղղումների համաձայն, մեկ ժամվա եթերի ընթացքում նախկին 10 րոպեանոց գովազդի փոխարեն, հեռուստատեսության եթերի գովազդի տևողությունը կազմել է 14 րոպե:
«Իշխանությունները որոշեցին հեռուստաալիքներին չհարկադրել գովազդի ծավալները տեղավորել օրենքով սահմանված շրջանակներում, այլ օրենսդրությունը փոխել, ինչը հնարավոր խախտումներ է թույլատրում»,- ուրբաթ ասաց Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով ՀՀՀ հաղորդումներում գովազդի տեղադրման և ծավալի դիտարկման երրորդ հաշվետվությունը:
Բացի այդ, ըստ նրա, եթե նախկինում «Գովազդի մասին» օրենքով ենթադրվում էր, որ հաղորդումը կարող է գովազդով ընդհատվել միայն 20 րոպեն մեկ, ապա վերը նշված փոփոխությունները մտցնելուց հետո միաժամանակ հաղորդումը կարող է բազմիցս անգամ ընդհատվել գովազդով: Այդ կապացությամբ նա ընդգծեց այդ դրույթները փոխելու անհրաժեշտությունը:
Բարսեղյանը հայտնեց նաև, որ ակումբը պաշտոնապես հրավիրել է Հեռուստատեսության և ռադոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրային հեռուստատեսության, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարության ներկայացուցիչներին դիտարկման յուրաքանչյուր քննարկմանը, սակայն միայն մարտ և ապրիլ ամիսների նախորդ հաշվետվությունը կազմելիս արձագանք ստացավ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովից:
2011թ.-ի սկզբից «Ասպարեզ» լրագրողական ակումբը կանոնավոր դիտարկումներ է անցկացնում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում գովազդի տեղադրումն ու ծավալը հանրապետության օրենսդրությանը համապատասխան լինելու ուղղությամբ: Ակումբն արդեն հեռուստատեսության գովազդի դիտարկման երեք հաշվետվություն է ներկայացրել և մտադիր է շարունակել իր հետազոտությունները մինչև 2012թ.-ի մարտը:
Հայստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվող գովազդների ծավալը համապատասպանում են օրենսդրությանը: -0-