Հայաստանում հունվարին նոր գիտխորհուրդներ կձևավորվեն

25.11.2011, 14:25
Հայաստանում հունվարին նոր գիտխորհուրդներ կձևավորվեն
Հայաստանում հունվարին նոր գիտխորհուրդներ կձևավորվեն

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2012 թ.-ի հունվարին նոր գիտխորհուրդներ կձևավորվեն, հայտարարել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

«Այսօր հանրապետությունում գործում է 49 գիտխորհուրդ 62-ի փոխարեն, որոնք եղել են նախկինում, սակայն հունվարից նոր խորհուրդներ կձևավորվեն: Ես չէի ցանկանա նշել  խորհուրդների հստակ թիվը, քանի որ դա կախված կլինի նրանց անհրաժեշտության աստիճանից», - ասել է Ղուկասյանն ուրբաթ լրագրողներին գիտական և գիտամանկավարժական կադրերի որավորման համակարգի գործունեության և հեռանկարային ծրագրերի իրագործման թեմային նվիրված սեմինար-խորհրդատվությունից առաջ:

Նա նշել է, որ գիտական խորհուրդների կրճատումը պայմանավորված էր, առաջին հերթին, որոշ խորհուրդների միավորմամբ՝ նրանց գործունեության առավել նպատակահարմարության համար:

Ղուկասյանը տեղեկացրել է, որ սահմանված կարգի համաձայն՝ գիտխորհուրդները կդադարեցնեն իրենց գործունեությունը դեկտեմբերի 30-ին, իսկ հունվարին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կզբաղվի նոր գիտխորհուրդների ձևավորմամբ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ վերջին տարիներին հանրապետության բոլոր գիտխորհուրդները կայքեր են բացել, որտեղ տեղադրվում է նրանց գործունեության, գիտական աստիճան ստանալու մասին տեղեկատվությունը:-0-