Քաղաքապետարանի և ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն մանրածախ կրպակների ապամոնտաժման հարցում. ՀՀ օմբուդսմեն

16.08.2011, 14:18
Քաղաքապետարանի և ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն մանրածախ կրպակների ապամոնտաժման հարցում.  ՀՀ օմբուդսմեն

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իրավաչափ չի համարում քաղաքապետարանի և ոստիկանության գործողությունները մանրածախ կրպակների ապամոնտաժման հարցում։

Երևանի կենտրոնում, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքապետարանի որոշմանը համապատասխան, մանրածախ առևտրի և ծառայությունների կրպակների հարկադիր ապամոնտաժում է սկսվել։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ պայմանագրերի ժամկետներն այլևս չեն երկարացվի, իսկ հողատարածքները կտրամադրվեն միայն թերթի կրպակների համար՝ կենտրոնի հաղորդակցությանը չխանգարելու նպատակով։
«Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում  օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»,- ասվում է օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրված նրա հայտարարությունում։
 
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով և գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց  հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել:

«Ոստիկանության աշխատակիցները, իրենց հերթին, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ  գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում։

Հետագայում մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով օմբուդսմենը քաղաքապետարանին առաջարկում է Երևանի արտաքին տեսքի բարելավման  անկեղծ և ազնիվ ցանկությունն իրականացնելիս նախապես իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների և կենսապահովման խնդիրների պաշտպանությունը, գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարևոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարևոր են գործընթացները և նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին։

Անդրեասյանը կոչ է անում քաղաքապետարանին առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը և թե անապահովներինը: «Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա և գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց, տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն և հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները»,- ասվում է օմբուդսմենի հայտարարությունում։

Օմբուդսմենը միաժամանակ առաջարկում է ՀՀ ոստիկանությանը ուսուցանել համապատասխան անձնակազմին և ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես բոլոր պահանջների կատարումը: Նրանց գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը  և հասարակական կարգը պահպանելու չափազանց կարևոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր:

«Միևնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հանրային լայն արձագանքի հետևանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ»,- ասվում է Անդրեասյանի հայտարարության մեջ։ -0-