Արտագաղթը և միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների և մտահոգության առարկա են. Սարգսյան

20.07.2011, 19:04
Արտագաղթը և միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների և մտահոգության առարկա են.  Սարգսյան

Արտագաղթը և միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների և մտահոգության առարկա են, չորեքշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ նախագահը։

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահը չորեքշաբթի հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում:
«Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում միգրացիայի վերաբերյալ վիճակագրության պակաս կամ տվյալների հավաքագրման թերացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կարճաժամկետ հատվածի համար պարբերաբար և ճշգրիտ պատկերացումներ կազմել իրավիճակի և զարգացումների մասին»,- նախագահի խոսքը մեջբերեցին մամուլի ծառայությունից։

Ըստ Հանրապետության ղեկավարի,  ի վերջո, մարդկանց և աշխատանքային միգրացիայի գործընթացը բարդ երևույթ է, հիմնվում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական, մշակույթային և հասարակական-քաղաքական գործոնների վրա: Ընդ որում, ժամանակակից աշխարհում դրա էությունը և բնույթը փոխվում է` դառնալով ավելի արդիական և բազմագործոն:

Նախագահը նաև նշել է, որ Հայաստանից արտագաղթի և մշտական բնակչության մասին ճշգրիտ տվյալները հասանելի կարող են լինել մարդահամարի արդյունքում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, և  արդյունքները կունենանք 2012թ. փետրվարի վերջին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ  Ալիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: -0-