«Հայաստանի երիտասարդական կառավարությունը» Պուտինին հրավիրում է Ծաղկաձոր՝ ԱՊՀ երկների երիտասարդական հավաքին մասնակցելու

18.07.2011, 13:48
«Հայաստանի երիտասարդական կառավարությունը» Պուտինին  հրավիրում է Ծաղկաձոր՝ ԱՊՀ երկների երիտասարդական հավաքին մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստանի երիտասարդական կառավարությունը» ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին հրավիրում է մասնակցելու ԱՊՀ երկրների երիտասարդական հավաքին, որը տեղի կունենա օգոստոսի վերջին Ծաղկաձորում, հաղորդում է ՀԵԿ մամուլի ծառայությունը։  

Հաղորդագրության համաձայն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագծի ղեկավար Վահան Բաբայանը Լիպեցկում Պուտինին հասցեագրված հրավեր է փոխանցել միջազգային գործերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովին՝  «Ծաղկաձոր 2011» ԱՊՀ  երկրների երիտասարդական հավաքի բացմանը մասնակցելու համար։

Այս տարվա օգոստոսի 20-30-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո տեղի կունենա երիտասարդական ճամբար՝ կրթական հավաք՝ Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների շուրջ հազար երիտասարդների մասնակցությամբ։

Լիպեցկում Բաբայանը մասնակցել է «Ժողովրդական ճակատ» միջազգային երիտասարդական հավաքին, որն անցկացվում էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ։

Օրերս Facebook սոցիալական ցանցում «Հայաստանի երիտասարդական կառավարության» ակտիվիստների կողմից հատուկ էջ է ստեղծվել, որի շրջանակներում հազարավոր երիտասարդներ աջակցել են ՀԵԿ անդամներին և ցանկանում են Պուտինին տեսնել «Ծաղկաձոր 2011» քննարկմանը։ -0-