Ջավախահայերը մտահոգված են դպրոցներում 2011 թվականից բիլինգվալ ուսուցման ներդրմամբ
Ջավախքի (Վրաստանի հայաբնակ շրջան) հայ բնակչությունը մտահոգված է 2011 նոր ուսումնական տարուց միջնակարգ դպրոցներում բիլինգվալ ուսուցման ներդրմամբ, ասել է «Վիրք» ջավախյան կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը։
«Ես քննարկել եմ այդ հարցը Ջավախքի դպրոցների տնօրենների հետ։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնում այդ առիթով, սակայն հրապարակավ զգուշանում են արտահայտել իրենց կարծիքը, քանի որ կարող են զրկվել աշխատանքից և այլ խնդիրների հետ բախվել»,- ասաց Ռստակյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով` 2011 թվականի սեպտեմբերից Վրաստանի նախագահի հրամանագրով այն դպրոցներում, որտեղ սովորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ուսուցման բիլինգվալ համակարգ կներդրվի։
Նա նշեց, որ բիլինգվալ ուսուցման հարցն ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների դպրոցներում քննարկվել է նաև ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկի հետ, սակայն որոշակի պատասխան այդպես էլ չի ստացվել։
Մտահոգության հիմնական պատճառն, ըստ Ռստակյանի, հայոց լեզվի և հայկական ինքնության պահպանման հարցն է տարածաշրջանում։ Նրա կարծիքով` վրացերեն լեզվի զուգահեռ ուսուցումը կարող է հանգեցնել մայրենիի կորստի։
Խոսելով երկու երկրների կրթության և գիտության նախարարների միջև Քութայիսում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման վերաբերյալ ձեռք բերած պայմանավորվածության մասին՝ Ռստակյանը տարօրինակ համարեց այն, որ այդ գործընթացն անցկացվում է Քութայիսում, և ոչ թե Ջավախքում։
Ռստակյանն անդրադարձավ նաև հայ-վրացական հարաբերությունների տնտեսական կողմերին։ Ըստ նրա՝ Վրաստանում բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ գործարարների համար, սակայն վրացական իշխանությունները համաձայն են հայկական կապիտալի ներհոսքին՝ իրենց վերահսկողության ներքո։
Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծում գտնվող Ջավախքը բացարձակապես հայաբնակ շրջան է։ Այստեղ, տարբեր գնահատականներով, ապրում է Վրաստանի հայ բնակչության 91-97 տոկոսը։ -0-