Հայաստանը կարող է օգտագործել ԵԽ-ի փորձագետների փորձը կրթական բարեփոխումների ընթացքում

09.11.2010, 15:42
Հայաստանը կարող է օգտագործել ԵԽ-ի փորձագետների փորձը կրթական բարեփոխումների ընթացքում

Հայաստանը կարող է օգտագործել Եվրոպայի Խորհրդի փորձագիտական ներուժը կրթական բարեփոխումների շրջանակներում, նշվել է նախօրեին Ստրասբուրգում ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյերն Յագլանդի և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Աշոտյանն ու Յագլանդը քննարկել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումները, առաջիկա տարիների գերակայությունները: Նրանք կարևորել են կրթության համապատասխանեցումը 21-րդ դարի չափանիշներին և կրթական համակարգի նշանակությունը Հայաստանի` եվրոպական ինտեգրման քաղաքականության համատեքստում:

Զրուցակիցներն ընդգծել են այս տարվա հոկտեմբերին Երևանում կայացած «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումի դրական արդյունքներն ու արձագանքները, որի մասնակիցն էր նաև Յագլանդը: Այս կապակցությամբ նրանք հույս են հայտնել, որ ֆորումի արդյունքները օգտակար կլինեն ԵԽ ընդհանուր բարեփոխումների համատեքստում:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ստրասբուրգում նախօրեին նախարար Աշոտյանը մասնակցել է «Ակադեմիական ազատություն և հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը» համաժողովի աշխատանքներին: Իր ելույթում նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կրթության ոլորտում անցկացվող բարեփոխումներին, համալսարանների ինքնավարության և ակադեմիական ընդլայնմանն ուղղված խնդիրներին, նա կարևորել է համալսարանների դերակատարությունը որպես հասարակությունների արժեհամակարգերը և ավանդույթները պահպանող և տարածող օջախներ:

Այցի շրջանակներում նախատեսված է հայկական պատվիրակության այցը Ստրասբուրգի ճարտարապետության բարձրագույն դպրոց, որտեղ նախարարը կհանդիպի Ճարտարապետական խորհրդատվության, քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության ղեկավար Ժան Մարկ Բիրիի և Ստրասբուրգի ճարտարապետության բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ:

Հայկական պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում նոյեմբերի 7-ից:-0-