Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետ Վարդան Եղիազարյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ մեկնել է «գրին քարտ» շահելով, հինգշաբթի գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Թերթը գրում է, որ նման պաշտոնյան տիրապետում է ԱԱԾ կադրային բազայի ողջ տեղեկատվությանը՝ սկսած գարծակալներից և վերջացրած արտերկրում եղած լրտեսներով։ Այսօրվա տեխնիկական պայմաններում այդ ինֆորմացիան կարող է ամփոփվել փոքրիկ մի չիպում։
ԱՄՆ-ում ռուսական գործակալների բացահայտման վերջին սկանդալային պատմությունից հոտե լուրեր տարածվեցին, որ սկզբնական ինֆորմացիայի արտահոսքը եղել է Հայաստանի ԱԱԾ-ից։ Առայժմ ոչ ոք չի կարող հաստատել կամ հերքել, թե դա որևէ կերպ կապված է Եղիազարյանի՝ ԱՄՆ մեկնելու հետ։
Բայց, ինչպես նշում է թերթը, ինքնին այն փաստը, որ ԱԱԾ նման բարձրաստիճան պաշտոնյան կարող է լքել երկիրը «գրին քարտով», արդեն խայտառակություն է։ -0-